ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՐՏԱԿ ԱՎԴԱԼՅԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ԱՅՆ Է, ՈՐ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ Է ՎԱՌԵԼ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԿԵՐՊԱՐԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԽՈՒԹԱՇԱՏ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ԱՐՏԱԿ ԱՎԴԱԼՅԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ԱՅՆ Է, ՈՐ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ Է ՎԱՌԵԼ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԿԵՐՊԱՐԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԽՈՒԹԱՇԱՏ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
02.03.2012 | 00:00

Մեր եկեղեցու սրբացված այրերից մեկի` Գրիգոր Նարեկացու կերպարին մի հպանցիկ անդրադարձ է Արտակ Ավդալյանի «Հովիվը» ֆիլմը, որ, բնականաբար, պիտի հիմք տար իրարամերժ մեկնաբանությունների, թեժ քննարկումների, համոզիչ ու մակերեսային տարակարծությունների: «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի ցուցադրությանը նախորդած ելույթում պրոդյուսերը` Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, նշեց, թե ինքը ոչ թե ֆիլմի հովանավորն է, այլ վերջին մուրացկանը, որ միացավ մեծ աշխատանքին: Մինչ այդ էլ լսել էի նրա մեկնաբանությունն այն մասին, որ Գրիգոր Նարեկացու կերպարին անդրադարձը պատահական բան չէ, որ նպատակ կա Նարեկացուն դասելու Հայ ընդհանրական եկեղեցու սրբերի շարքը, ինչպես դա արվել է Ներսես Շնորհալու դեպքում: Ես, որպես Հայ առաքելական եկեղեցու անդավաճան հավատավոր ու ամենայն աղանդ և շեղում կտրականապես մերժող հայ, դատապարտելի ոչինչ չեմ տեսնում կաթողիկե եկեղեցու առաջնորդի մոտեցման ու նաև Նարեկացու մասին ֆիլմ նկարելու փաստի մեջ: Այլ հարց է, թե որքանով է հաջողված ֆիլմը` իբրև կինոգործ, և թե ինչպիսին է մեր հասարակության ընկալումը աղանդախեղդ այս ժամանակներում:
Առաջին իսկ կադրերից տպավորված էի. մերօրյա Թուրքիայի համապատկերը ներկայացնող դրվագ, ապա սահուն անցում դեպի 1011 թվականի վավերագիր-լուսանկար թվացող պատկեր` Վան-Վասպուրականի թագավորությունը` Նարեկավանքով:
Նարեկացու սուրբ էության ու անդավաճան քրիստոնյա լինելու հարցում չնչին կասկած իսկ չեն ունեցել անգամ ամենաերդվյալ աթեիստները, ինչպիսին էր հնագույն շրջանի հայ գրականության մասնագետ, իմ դասախոս Ավետիք Ղուկասյանը, որ, Աստված և եկեղեցի հասկացությունների հետ ընդհանուր ոչինչ չունենալով հանդերձ, խիստ քննադատության և ծաղրի էր ենթարկում խորհրդային դասագրքերում Նարեկացուն որպես հայ գրականության վերածննդի հիմնադիր ներկայացնելու տեսակետը` մշտապես կրկնելով իր հաստատուն կարծիքը. «Նարեկացին թիվ մեկ քրիստոնյան է, ինչպես որ Մարքսը` թիվ մեկ մարքսիստը»: ՈՒրեմն, ի՞նչ է պատահել այսօրվա «քրիստոնյաներին», ինչո՞ւ են որոշել, թե Նարեկացին այս ֆիլմով կամ որևէ այլ հանգամանքի բերումով կարող է դադարել մեր հրաշագործ սուրբը լինելուց ու իր անբիծ կերպարով ջուր լցնել աղանդավորների, հակաքրիստոնյաների ջրաղացին: Մեր իրականության մեջ, ցավոք, աղանդավորներին գործունեության լայն ասպարեզ տրամադրելու լծակներն ու փաստերն այնքան շատ են ու այնքան աղաղակող, որ հաստատ մենք չենք մնացել «Հովիվը» ֆիլմի կամ Նարեկացու մարդեղացած կերպարի (դերասան Արթուր Կարապետյանի տեսքով) հույսին:
Իբրև բանասեր` վստահեցնում եմ, որ շատ տեղին ու կինոպատումի ընթացքին համահունչ, պատառիկ առ պատառիկ, հանդիսատեսին էին հրամցվում Նարեկացու «Մատյանն» ու տաղերը` սուրբ նշխարքի ձևով: Այս ֆիլմը մի յուրօրինակ բանալի է, որ կդյուրացնի Նարեկացու խոր ու բազմախորհուրդ փիլիսոփայության բերդաշխարհը տանող դարպասները բացելը:
Նարեկացու բացարձակության մի խոստովանություն էր նաև հայր Գրիգորի (դերակատար` Հայկ Սարգսյան) կերպարի առկայությունը ֆիլմում, որ ավելի խոսուն էր ու համոզիչ, քան բոլոր այն մտացածին կամ կիսաավանդութային հրաշքների շարահար շղթան, որ կոչված էր հավաստելու Գրիգոր Նարեկացու աստվածային ծագումը:
Ինչ վերաբերում է կենցաղային թեմաներին ու աշխարհիկ կերպարներին, որ, բնականաբար, առկա են խաղարկային ֆիլմում, դրանք ընդամենը հայ կինոարտադրության այսօրվա դժգույն վիճակի օրինաչափ դրսևորումներն են: Իհարկե, պիտի նշեմ, որ այս ֆոնին շահեկանորեն առանձնանում էր զգեստների ձևավորումը, հատկապես մերօրյա ինքնաբավ դրսևորմամբ ֆիլմի թեմային չներդաշնակող գեղջավագի (Արթուր Նալբանդյան)` վաղաժամ այրիացած հարսի (Աիդա Սիմոն) և վերջին շրջանում շատ «պոպուլյար» Անժելա Սարգսյանի կերպավորած` թագուհու պալատական տիկնոջ պարագայում: Ի դեպ, չեմ կարող չքննադատել ֆիլմի հեղինակներին ոչ անհայտ այս կնոջն իր իրական իմիջով անբնականորեն ֆիլմ ներմուծելու և դրանով որոշակի կինոճաշակի տեր հանդիսատեսին գրավելու ակնհայտ գայթակղությանը տուրք տալու համար: Մի՞թե կարելի է, հանուն դրամարկղային ցուցանիշի, ոտնձգություն կատարել սրբազան արժեքների նկատմամբ:
Ֆիլմի հեղինակների հետ ունեցածս բազում անհամաձայնություններով հանդերձ, ցանկանում եմ շեշտել մի հանգամանք (գուցե թե փոքրիկ, բայց ոչ անկարևոր): Ես իմ անձնական օրինակով կարող եմ վկայել, թե ինչպիսի հրաշագործություններ է կատարում «Նարեկը» հավատացյալ մարդու կյանքում, սակայն այժմ տեղը և ժամանակը չէ անդրադառնալու իմ սեփական փորձառությանը: Պարզապես այդ փորձառությունը հիմք է տալիս ընկալելու և չանտեսելու աստվածային նշանի որևէ դրսևորում, մանավանդ, եթե այն փոքրիշատե առնչություն ունի Նարեկացու նման սրբի հետ: Այսպես, Արտակ Ավդալյանը ֆիլմի ցուցադրությանը նախորդած հեռուստաելույթներից մեկի ժամանակ պատմեց, որ երբ նկարահանումներ էին կատարում Գեղարդավանքում, սաստիկ ցուրտ էր, և դերասանները դժվարանում էին աշխատել այդ պայմաններում: ՈՒ հանկարծ շատ անսպասելի արևի մի շող է ընկնում երկնքից, ջերմացնում խուցը, և մանանայի նման սկսում են թափվել ձյան փաթիլներ: Ես այդ տեսարանն առավելագույն ուշադրությամբ ու զգացմունքով դիտեցի էկրանին և (թող չմեղադրեն ինձ սնոտիապաշտության ու պարզամտության համար) մտածեցի, որ երկնքում, այնուամենայնիվ, ընդունել են այս ֆիլմը:
Իսկ վերջին հաշվով, ես գոհ եմ, որ մենք թոթովանքի հանգույն փորձ ենք անում անդրադառնալու մեր ազգի բացարձակ արժեքներին ու ստեղծելու ոչ թե աննաների, ջեմիկների, վիպոյանների մղձավանջային կերպարների աղբահորում խարխափող կինոթերմացքներ, այլ դնում ենք անկյունաքարերը (թեկուզ և առայժմ ոչ ամուր հիմքի ու ոչ բավականաչափ պարարտ հողի վրա)` ապագա մեծ կինոստեղծագործությունների, որոնք պիտի ըստ արժանվույն կերպավորեն Նարեկացուն կամ հայ ազգի մեկ այլ անքննելի հանճարի: Չէ՞ որ մենք արդեն 20 տարի ազգովին սպասում ենք արցախյան հերոսամարտը հավերժացնող ֆիլմ-էպոպեայի, բայց առայժմ ունենք «Տխուր փողոցի լուսաբացը», «Մի՛ վախեցիր», «Ես եմ» ու այսօրինակ այլ կինոնկարներ, որոնք, մեղմ ասած, հեռու են մեր` լիովին պատճառաբանված համազգային ակնկալիքը բավարարելու մակարդակից: Բայց այն, որ թեման գտնվում է արվեստագետների ուշադրության կենտրոնում և խմորվում է տարբեր կինոդրսևորումների տեսքով, արդեն իսկ հուսադրում է և հիմք տալիս մտածելու, որ մի օր կկայանա այն մեծ պայթյունը, որին վաղուց ենք բոլորս սպասում: Թերևս, Հովիկ Հախվերդյանի` «Նարեկացուն որոնելիս» խոհապատումից հետո Սուրբ Գրիգոր Նարեկացու վարքը խաղարկային ժանրում էկրանավորած Արտակ Ավդալյանի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ նա կանաչ լույս է վառել նշանավոր սրբի կերպարին անդրադառնալու խութաշատ ճանապարհին, թեև այդ լույսը բավականաչափ պայծառ չէ և ունի, անշուշտ, ստվերազերծվելու կարիք:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2283

Մեկնաբանություններ